Պատմական ակնարկ

   Ջրվեժ համայնքը գտնվում է Կոտայքի մարզի հարավային մասում, սահմանակից է Երևան քաղաքի երեք թաղային' Նոր-Նորք, Ավան-Առինջ, Էրեբունի համայնքներին և մարզի երեք գյուղական' Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքների վարչական տարածքներին: Մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, Աբովյան քաղաքից' 9 կմ: Այստեղով են անցնում Երևան-Գառնի մայրուղին և Աբովյան-Մասիս ավտոճանապարհը:
    Ջրվեժ տեղանունը հիշատակվում է դեռևս V դարում' պատմաբան Ղազար Փարպեցու, VII դարում' սարկավագ Զաքարյա Քանաքեռցու աշխատություններում: Պատմական տեղեկությունների համաձայն Ջրվեժ տեղանունը ոչ մի անգամ չի վերանվանվել:
      Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են մի շարք պատմական հուշարձաններ: 
     Կատարված պեղումներով Քոսաղբյուր կոչված վայրում (1957թ.) և գերեզմանոցում  (1958-1962թ.թ.) բացվել են միջնադարյան ճարտարապետական երկու համալիր: Քոսաղբյուրի համալիրի կազմում են դարչնագույն սրբատաշ
տուֆից շինված VI-VII դ.դ. խաչաձև գմբեթավոր եկեղեցին, նրան հարավից կից  XII-XIII դ.դ. միանավ թաղածածկ եկեղեցին և երկու փոքր մատուռ: Պահպանվել են հուշարձանախմբի պատերի ստորին շարքերը և քանդակազարդ բեկորները: Գերեզմանատան IV-V դ.դ.  հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, կոթողից և դամբարանից: Եկեղեցին միանավ է, կառուցված է տեղական սև և կարմիր գույնի սրբատաշ տուֆից:
     1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հիմնովին ավերում է բոլոր շինությունները, ինչպես նաև եկեղեցիները և վանքերը, այդ թվում նաև Ջրվեժի եկեղեցին: Երկրաշարժից հետո Ջրվեժը 212 տարի եկեղեցի չի ունեցել և միայն 1891 թվականին գյուղի բնակչությունը քանդված եկեղեցու տեղում կառուցում է նորը, որը վերաբացվել է 1991 թվականին և ներկայումս գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե Առաքելական եկեղեցի:
    Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1360 մետր, աշխարհագրական դիրքը նա
խալեռնային է, կլիմայական պայմանները' բարենպաստ: Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամառը տևական է' 4,5-5 ամիս: Տարեկան տեղումների քանակը կազմում է 250-ից 350 մմվերջին տարիներին նկատվում է տևական ձնածածկույթի սակավություն և կարկտահարություն: Գյուղը չունի հարթ մակերես: Հյուսիսային մասում այն կտրտված է ձորակներով, արևելյան մասից  սկիզբ են առնում Ձորաղբյուրի և Ողջաբերդի լեռնաբազուկները, հարավային մասում խոր ձորակներ են, որոնք շարունակվում են մինչև Արին-Բերդ, արևմտյան կողմով' ձորերով և կիրճերով միանում է Երևանին:
    Համայնքում գործում է հանրակրթական դպրոցը, Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, «Ջրվեժ բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուումնական հաստատություն  և «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններն, ինչպես նաև 20 պարենային և ոչ պարենային խանութներ, հանրային սննդի թվով 27 կազմակերպություններ, գրանցված են արտադրական և ոչ արտադրական մասնավոր ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ: